Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Hartak Workshop Festival - Երևանում կանցկացվի «Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնը

Երևանում կանցկացվի «Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 16-18-ին Երևանում կանցկացվի «Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի տնօրեն Քրիստինա Հարությունովան՝ հավելելով, որ «Հարթակ»-ը գործնական դասընթացների և վարպետության դասերի եռօրյա փառատոն է, որն անցկացվելու է Երևանի տարբեր անկյուններում:
Կազմակերպվելու են բազմաթիվ դասընթացներ 4 թեմաներով` սնունդ, արվեստ և արհեստ, տեխնոլոգիաներ, առողջ ապրելակերպ: Փառատոնի ընթացքում կանցկացվեն 60-ից ավելի փորձի փոխանակման սեմինարներ, վարպետության դասեր:
Փառատոնի համահիմնախնդիրներից Մանուշակ Վահրամյանն էլ ասաց, որ փառատոնի մեջ մեծ կշիռ ունի հայ մշակույթի ցուցադրությունը։
«Ունենք հայկական մարտարվեստի դասընթացներ, հայկական խոհանոց, որի շրջանակում դասընթացը կվարեն մի քանի հայտնի խոհարարներ։ Այս փառատոնը մյուսներից տարբերվում է նրանով, որ մասնակիցները ոչ միայն հյուրասիրվելու են, այլ նաև մասնակցելու են ողջ գործընթացին»,- ասաց նա։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ պետական քաղաքականության մի շարք խնդիրների լուծման տեսակետից կարևոր է նման փառատոնների անցկացումը: Ըստ նրա՝ «Հարթակ»-ը հետաքրքիր նախաձեռնություն է և հնարավորություն է տալիս ներկայացնելու հայկական մշակույթը, խոհանոցը, զբոսաշրջության նոր հնարավորությունները:
«Այն կրկին միտված է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքների տնտեսական և զբոսաշրջային ներուժի բացահայտմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, պետական քաղաքականության մի շարք կարևոր խնդիրների լուծմանը»,- ասաց Մ.Ապրեսյանը:
Source:panorama.am