«Քաղաքացի» պետք է լինի նաև բիզնեսը

Ցանկացած բիզնեսի գլխավոր նպատակը հնարավորինս քիչ ռեսուրսներ ծախսելով՝ առավելագույն շահույթ ստանալն է: Սակայն ինչպե՞ս այդ ընթացքում չկորցնել դեմքն ու չհեղինակազրկվել: Ինչպե՞ս ֆինանսական արդյունքը դարձնել հանրային բարիք: Ինչպե՞ս հավասարակշռել կուտակելու ցանկությունը կիսվելու ցանկության հետ: Ի վերջո, ինչպե՞ս դառնալ սոցիալապես պատասխանատու կորպորատիվ քաղաքացի:

Այս դասընթացի ընթացքում Կարեն Տերտերյանը կանդրադառնա այս հարցերին առնչվող փիլիսոփայական ընկալումներին ու մշակութային մոտեցումներին: Նա նաև կկիսվի տարիների ընթացքում կուտակած անձնական պրակտիկ փորձով:

Կարեն Տերտերյան

Կարեն Տերտերյանն ունի մանկավարժական կրթություն: 2003թ.-ից հինգ տարի աշխատել է ֆորմալ կրթական համակարգում՝ որպես պատմության ուսուցիչ, իսկ 2005թ.-ից աշխատում է հասարակական ոլորտում՝ որպես ոչ ֆորմալ կրթության ուսուցանող ու երիտասարդական ծրագրերի փորձագետ: Կարենը զբաղվում է երիտասարդական աշխատանքով, երիտասարդական քաղաքականությամբ ու հետազոտություններով:

2015 թվականին սկսել է գործունեություն վարել հանրային սննդի ոլորտում՝ Գյումրիում հիմնելով իր վրա սոցիալական պատասխանատվություն վերցրած սրճարան Café Nancy-ն, որը միայն հանրային սննդի օբյեկտ չէ, այլ այն գաղափարների խմորման, ծանոթությունների կայացման, հին ու նոր ընկերական հարաբերությունների ամրապնդման, հետաքրքիր ծրագրերի ու միջոցառումների իրականացման հարթակ է: Սրճարանում աշխատում են մրցակցային ավելի քիչ հնարավորություններ ունեցող անձինք:

Կարեն Տերտերյանը սիրում է ճամփորդել և լինել նոր վայրերում: